ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ
ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՈՐ
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Ք. ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿ

Российская и Ново-Нахичаеванская
Епархия
Святой Армянской Апостольной
Православной Церкви
“Сурб Аствацацин”
г.Новосибирск

Календарь
Благотворительность
responder
Подписка на новости
ГлавнаяНовости → Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ՌԴ Նովոսիբիրսկի մարզ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ՌԴ Նովոսիբիրսկի մարզ

25 Ноября 2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ՌԴ Նովոսիբիրսկի մարզ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 17 Նոյեմբերի, 2018  

     Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի  հրավերով մեկնեց Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաք` հանդիսապետելու նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը:
     Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վեհափառի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և ազգային բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը:
     Քաղաքի «Տոլմաչովո» օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, նորակառույց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Բեկնազարյանը և հայ համայնքի ղեկավար Կոլյա Կուլիջանյանը, թեմի հոգևոր դասի և Նովոսիբիրսկի հայ համայնքի ներկայացուցիչներ:
     Տեղի ունեցավ ավանդական աղ ու հացի արարողություն, որից հետո Հայոց Հայրապետն իր օրհնությունը բաշխեց ներկաներին:
     Նոյեմբերի 17-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունն այցելեց նահանգապետարան, ուր հանդիպում տեղի ունեցավ Նովոսիբիրսկի նահանգապետ պրն. Անդրեյ Տրավնիկովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Վարդան Տողանյանը:
     Նովոսիբիրսկի նահանգապետը ջերմությամբ ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Նովոսիբիրսկի մարզ` նշելով, որ այն պատմական իրադարձություն է մարզային կյանքում, որը մեծ խանդավառություն է առաջացրել մարզի հայկական բնակչության և քրիստոնեական այլ հարանվանությունների հետևորդների մոտ:
     Պրն. Տրավնիկովը Հայոց Հովվապետին ընդհանուր տեղեկություններ փոխանցեց մարզի վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով մարզի հոգևոր կյանքին, տարբեր ազգային և կրոնական համայնքների խաղաղ ու համերաշխ hամակեցության ապահովմանն ուղղված ծրագրերի մասին: Խոսելով հայ համայնքի ներկայության և մարզի զարգացման գործում ունեցած դերակատարության մասին` նահանգապետը ուրախությամբ ընդգծեց, որ մարզի միակ հայկական եկեղեցու կառուցումը պիտի նպաստի հայության ազգային, հոգևոր կյանքի առավել աշխուժացմանը: Պրն. Անդրեյ Տրավնիկովը գոհունակությամբ նշեց համայնքի և պետական կառույցների միջև առկա գործակցության և տարբեր սոցիալական ու մշակութային ծրագրերում ակտիվ ներգրավվածության մասին:
     Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով Նովոսիբիրսկի մարզում ցուցաբերված ջերմ ընդունելության համար, ևս ուրախություն հայտնեց այցելության կապակցությամբ` արձանագրելով, որ եկել է իր օրհնությունը բաշխելու և խնդակից դառնալու հայ համայնքի ուրախությանը` ազգային-եկեղեցական կյանքում կարևոր իրագործման` հայկական եկեղեցու օծման առիթով:
     Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց մարզային և քաղաքային իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և նրա ազգային-հոգևոր կյանքի հանդեպ մշտական ուշադրության համար: Անդրադառնալով Ռուսիո երկրում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի երեքհարյուրամյա ներկայությանը` Հայոց Հովվապետն ընդգծեց, որ երկրում կայք հաստատած հայորդիները նվիրական պարտք են նկատել եկեղեցի և կրթական հաստատություններ հիմնել` պահպանելով իրենց ազգային ինքությունը: Ըստ Հայրապետի խոսքի, հայ ժողովրդի զավակներն աստվածսիրությունը նաև նույնականացրել են հայրենասիրության հետ` իրենց կարևոր նպաստը բերելով իրենց հյուրընկալած Ռուսաստանի բարօր և պայծառ կյանքի կերտմանը:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ փոխհարաբերությունները և գործակցությունը ի խնդիր երկու ժողովուրդների հոգևոր կյանքի զորացման:
     Հանդիպմանը խոսքով հանդես եկան նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Վարդան Տողանյանը`անդրադարձ կատարելով երկու հավատակից ժողովուրդների ընդհանրություններին և հայ-ռուսական բազմադարյան բարեկամությանը:

Поделиться: