ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ
ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՈՐ
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Ք. ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿ

Российская и Ново-Нахичаеванская
Епархия
Святой Армянской Апостольной
Православной Церкви
“Сурб Аствацацин”
г.Новосибирск

Календарь
Благотворительность
responder
Подписка на новости
ГлавнаяНовости → Հայոց կաթողիկոսությունը վերացնելու խնդիր է դրված

Հայոց կաթողիկոսությունը վերացնելու խնդիր է դրված

 

Քայլ արա, մերժիր լկտի ամբարտվանությունը կամ ինչու չպետք է տրվել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման սադրանքներին

ՊՐԱՀԱ.- Հայ հոգևորականին մինչ այժմ սանձարձակ շարունակականությամբ միայն հրեա ծայրահեղականներն են անարգել՝ Երուսեղմում, իսկ վերջին երկու ամիսներին հայերի մի խումբ՝ Հայաստանում։ Իբրև թե Հայ Առաքելական եկեղեցու խնդիրներով մտահոգ այս փոքրաթիվ, սակայն ամբարտավանությամբ հրեա ծայրահեղականներին գերազանցող խումբը հարձակում է իրականացնում Հայոց եկեղեցու, Հայոց Հայրապետի ու հայ հոգևորականի դեմ, հասնելով լկտիության այն աստիճանին, որ զավթում է դիվանատունը, վրաններ խփում այդ տարածքում, արգելափակում է Վեհափառի ճանապարհը, շրջապատված պահելով զրկում նրան տեղաշարժվելու հնարավորությունից, միտինգներ հրավիրում եկեղեցիների առաջ։  Թավշյա հեղափոխության կողմնակի վատ ազդեցությունն է։  Հետցնցումները։

Հեղափոխության ալիքներն, այո, մաքրում, սրբում են կուտակված բազում աղտեղություններ, սակայն ավա՜ղ նաև շատ փրփուր ու տաշեղ են հավաքում ջրի երեսին։ Սա աքսիոմ է, սրանից խուսափել հնարավոր չէ, բայց արդյո՞ք մեզ այսքան ոգեշնչած ու գոտեպնդած ալիքի փրփուրն է միայն ներխուժել հոգևոր տիրույթ։  Դավադրությունների տեսությունների կողմնակից չեմ եղել երբեք, բայց հիմա այդ զգացողությունն ունեմ։

Պարոն Փաշինյան, «X» պահն արդեն վրա է հասել

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ շաբաթներ երկարող խժդժություններին ի վերջո իր ֆեյսբուքյան հարց ու պատասխանի ընթացքում անդրանդարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ճշմարտացիորեն նշելով, որ խնդիրը ներեկեղեցական է, հավելեց, որ «Անթույլատրելի է, որ էսպես տարբեր անկյուններից, թաքնված ինչ-որ գործողություններով փորձ արվի իրավիճակ հրահրել ու մեզ բոլորիս դնել այդ իրավիճակի առաջ։ Եթե այսպես շարունակվի, մենք արդեն ստիպված կլինենք ավելի մանրամասն ուսումնասիրելու իրավիճակը… և մենք մի «X» պահի պիտի ստիպված լինենք այդ հարցերին շատ կոնկրետ պատասխան տալ՝  շատ կոնկրետ լուծումներով»։

Այդ «X պահը» եկել է արդեն, քանի որ հեղափոխության «դուխը» ոմանք շփոթել են անարխիայի հետ։ Բավ է։ Ազատամտությունն ամբարտավանություն չէ, ազատ խոսքի իրավունքը զրպարտելը չէ,  նսեմացնելը չէ, դիմացինին պիտակավորելը չէ,  պախարակելը չէ, տաճարի տարածքն անարգելու լկտիությունը չէ։ Բավ է։ Ձեր ազատություններն ավարտվում են ՃԻՇՏ այնտեղ, որտեղ սկսվում են ուրիշները։

Այդ «X պահը» եկել է արդեն, քանի որ խնդիրը ցավոք ներեկեղեցական չէ այլևս։ Եկեղեցու ներսում դժգոհողներին տեսանելիորեն միացել են նախկինում կարգալույծ արվածները, իսկ ետնաբեմում՝ որոշակի ուժեր են։ (Այն, որ ուղիղ եթերում ինչ-որ տեղից իրադարձություններին հետևողները դիվանատունը զավթելուց հետո, հեռախոսային ռուսերեն հաղորդագրություն ուղարկեցին խռովարարներին ու պնդեցին, որ դա կարդացվի, արդեն ցուցանում է ևս մի նախկին կարգալույծ եպիսկոպոսի, բայց արդյոք նա ում է ծառայում և ինչի է ուզում հասնել)։ Մի կողմից՝ ով տարիներ շարունակ ինչ մաղձ ունի կուտակած թափում է մամուլի ու սոցցանցերի էջերում՝ սուտ ու ճիշտ, զրպարտություն ու մեղադրանք, վիրավորանք ու ատելություն խառնած իրար, անունը դնելով ազատ խոսք ու արդար պայքար, իսկ մյուս կողմից այս շղարշի տակ լուրջ դավ է՝ Հայոց կաթողիկոսությունը վերացնելու և Հայ Առաքելական Եկեղեցում դավանաբանական փոփոխություններ մտցնելու հեռահար ծրագիր, ինչի համար ուղղակի խամաճիկային գործիքներ են բղավողներն ու միտինգավորները։

Այժմ՝ պատճառաբանված ու հերթով։

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսը վտանգավոր անհեթեթություն է

Այն, որ Վեհափառ Հայրապետն, ավաղ, ժողովրդի մեծ սերը չի վայելում, թաքցնելիք չէ։  Բայց այն, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսով սկսված  գործողություններից հետո անգամ Գարեգին Երկրորդին չհամակրող մարդիկ սկսեցին ի պաշտպանություն նրա հանդես գալ, սա էլ է ակներև։ Սթափ մտածողներից շատերի համար պարզ է, որ ձևավորվել է բանսարկու սադրիչների մի խումբ,  որն իբրև թե բողոքելու և ազատ արտահայտվելու իր սահմանադարական իրավունքն է կիրառում, բայց անցնում է օրինականության, բարոյականության, մարդկայնության, կարգ ու կանոնի ամեն չափ ու սահման, փշրելով ազգային ամեն ավանդույթ ու խորհրդանիշ։

Խմբի անդամները չեն հասկանում, կամ ձևացնում են, թե չեն հասկանում, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ԻՐ կանոնակարգն ունի և կարենների ու արմենների քմահաճույքին չէ, որ պիտի ենթարկվի։  Ուրեմն, գործողությունների  հիմքը անգիտությո՞ւնն է։  Լավագույն դեպքում՝ անգիտությունը։

Բացատրենք ուրեմն. Նիկոլ Փաշինյանն ունենալով Հայաստանի և սփյուռքի գրեթե ողջ հայության աներկբա աջակցությունը, միևնույն է՝ անցավ ՀՀ սահմանադրությամբ պահանջված կարգով և խորհրդարանում քվեարկությամբ անհրաժեշտ քանակի ձայներ ստանալուց հետո միայն դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եկեղեցու «խորհրդարանը» Ազգային եկեղեցական ժողովն է, որ Հայաստանյայց Առաքելական սբ. Եկեղեցու Գերագույն մարմինն է։  Ազգային եկեղեցական ժողովն է, որ իրավասու է կաթողիկոս ընտրել։ Վերջակետ։

Խմբի անդամներն այս ու այն առիթով ասում են՝ Կորյուն աբեղան (արդեն՝ կարգալույծ աշխարհական) շատ լավ կաթողիկոս կլինի։ Աբեղան՝ կաթողիկոս… Այս տրամաբանությամբ, ցանկացած պահի 5-10 մարդ կարող է աղմուկ-աղաղակ բարձրացնել, հետո մեկին հրապարակներում ու փողոցներում կաթողիկոսության թեկնածու հայտարարել։ Մի երկու տարի հետո էլ մեկ այլ խումբ կհայտնվի ու նոր թեկնածու կառաջադրի, այս անգամ աշխարհիկ մեկին, ու նման մեյմունության անունը կրկին կդնի Լուսավորչի գահին արժանի մեկին տեսնելու սահմանադրական իրավունք կամ ժողովրդավարություն։ Ի՞նչ կա որ։  Անգլիկան եկեղեցու գլխին թագուհին է։

Հաջորդ մոլագար խումբն էլ  կարող է կարգախոս հռչակել «Նոր Հայաստան, նոր հավատ»։  Հետո՞…

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքական առաջնորդ չէ, ուստի քաղաքական պայքարի միջոցներով նրա հրաժարական պահանջելը շարիկովի սինդրոմով աբսուրդի թատրոնից է։ Ոչ մի բանական մարդու մտքով չի անցնի բարձրաձայն խոսել, ուր մնաց թե միկրոֆոններով ցույցեր ու միտինգներ անել որևէ եկեղեցամերձ տարածքում,  դարերի ծիսակատարություններով սրբագործված պաշտանմունքային վայրում, հատկապես մի տեղ, ուր մեր հավատալիքի համաձայն Միածինն Ինքը՝ Հիսուս Քրիստոս իջևանեց։

Ոչ մի առաքելական քրիստոնյայի մտքով չի անցնի հոգևորականներին  սատանա անվանելով անարգել, հունից հանել, բախում հրահրել՝ այս ամենը նկարահանելու համար։ Հետո էլ բավարարված ասել՝ «շատ լավ կադրեր եմ արել, հերիք ա, արի գնանք», իսկ երեկոյան օրվա պարտքը կատարողի բավարարվածությամբ «հանրությանը ներկայացնել» դրանք, որ գոնե մի 10 մարդ միանա իրենց միտինգին։ Բայց ինչքան էլ ռեկտորի պաշտոնակատար դարձած Կարեն Պետրոսյանը հորդորի՝ «դե՜, ժողովուրդ ջան կողմնորոշվեք, շատ եմ խնդրում, կողմնորոշվեք», միևնույնն է, ժողովուրդը կողմնորոշված է։ (Անկեղծ, չէի կամենա երեխաս նրա ղեկավարած ուսումնական հաստատությունում կրթվեր։) Այո, ժողովուրդն իր ընդհանրության մեջ Գարեգին Երկրորդին շատ չհամակրելով հանդերձ չի գալիս այդ խմբակի ցույցերին, քանի որ ի սկզբանե երկյուղած հարգանք ունի Հայոց եկեղեցու հանդեպ։ ՈՒստի, Հայ եկեղեցու նկատմամբ  ժողովրդի այս աներկբա ակնածանքն է թիրախավորվում՝ ամենօրյա ծրագրված հերյուրանքներով։

Որևէ մեկը չի ասում, որ հոգևորականները՝ վերից-վար, սրբակենցաղ ու մաքրամաքուր մարդիկ են։ Ով անմեղ է, թող առաջինը նա քար գցի։  Քննողն ո՞վ է, դատողն ո՞վ է։ Ի՞նչ հիմքով։ Ի՞նչ իրավունքով։  Եթե մի քանի առաքելական հավատի հետևորդ հարձակվեր Հայաստանում գրանցված որևէ հարանվանության, ոչ թե ղեկավարի, այլ պարզ անդամի վրա, անգամ ոչ այն կերպ, ինչպես հարձակում իրականացվեց Գարեգին Երկրորդի վրա, իրավապաշտպան հայաստանյան ու միջազգային բոլոր կառույցները կարձագանքեին, կդատապարտեին, իրենց տարեկան զեկույցներում կգրանցեին դրանք։ Ու ճիշտ կանեին։ Եթե որևէ հարանվանության հավաքատեղիի մոտ միտինգ արվեր, նույնը կլիներ։ Իսկ ո՞վ է իրավունք տվել վայրահաչել Հայ եկեղեցու և հայ հոգևորականի դեմ։

Արդեն մոտ 20 տարի է, Գարեգին Երկրորդը Ամենայն Հայոց կաթողիկոսն է։ Ինչ ձևով են 20 տարի առաջ անցկացվել ընտրությունները, այլևս քննարկման երթակա չէ։

Կաթողիկոսի ընտրության հանգամանքներին 20 տարի անց անդրադառնալն անմտություն է

Ինձ համար անառարկելի հեղինակություն Խորեն Պալյանը դեմ էր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի կաթողիկոսությանը, սակայն հետո արդեն Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրված Գարեգին Երկրորդի մասին մի քննադատության առիթով ասաց. «Զգույշ արտահայտվեք, նա արդեն ՕԾՅԱԼ է, երկու դույլ մյուռոն է լցվել գլխին»։

Այս ՕԾՅԱԼ լինելու հանգամանքը հաշվի առնելով էր նաև, որ  դեռևս արքեպիսկոպոս Գարեգին Ներսիսյանը  1995 թվականի ապրիլի 5ին կասեցրեց կաթողիկոսական ընտրությունների երկրորդ փուլը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Երկրորդին առաջինը շնորհավորելով,  այսպիսով հավատարիմ մնալով իր խոստմանը՝ չմրցել  ՕԾՅԱԼ կաթողիկոսի հետ։  Կիլիկիո Գարեգին կաթողիկոսը ստացել էր 397 պատվիրակներից 186 քվեն, Գարեգին արքեպիսկոպոսը՝ 145, Պարգև արքեպիսկոպոսը՝ 61։ Երբ հայտարարվեց, որ կանոնակարգի համաձայն առավելագույն ձայն ստացած երկու թեկնածուների համար պետք է հաջորդ օրը կրկին քվեարկություն անցկացվի, ձայն խնդրեց Գարեգին արքեպիսկոպոսն ու ասաց. «Ես գտնում եմ, որ պետք է ավարտել ընտրությունները և իմ կողմից ուզում եմ շնորհավորել Վեհափառ հորը՝ որպես նորընտիր Հայրապետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի»։  Անթաքույց գոհունակությամբ Ամենայն Հայոց Գարեգին Առաջին օծվելիք կաթողիկոսն  իր  շնորհակալության ու գնահատանքի խոսքերն ուղղեց Գարեգին արքեպիսկոպոսին ասելով՝ «իմ սիրեցյալ կրտսեր եղբայր, անվանակից եղբայր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը,  ինչպես զգացած է այժմ էլ թող զգա, որ մեծ եղբայր մը ունի այստեղ,  և իր մեջ կտեսնեմ ես ամենեն մոտիկ գործակիցներես մեկը»։

Ինչո՞ւ եմ սա մանրամասն այսպես ներկայացնում։ Հասկացնելու համար իմաստը ՕԾՅԱԼ կաթողիկոս լինելու, որի հետ դաստիարակված ու կիրթ մարդն առնվազն իրեն թույլ չի տա «դու»-ով խոսել, անուններ կպցնել, անվանարկել, զրպարտել, նվաստացնել, տեղաշարժը խոչընդոտել…

Ամենայն Հայոց Վեհափառն այս օրերին ապաշխարհության անողոք ճանապարհ անցավ։  Ինչպես իրավամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր ձևակերպել. «Այս քառասուն օրերի ընթացքում Վեհափառ Հայրապետը, եթե մեղանչումներ էլ ուներ, խաչի ճանապարհով անցնելով և դառնության բաժակը ցմրուր ըմպելով, բացարձակապես արդարացավ…»։

Գարեգին Երկրորդն այն եզակի կաթողիկոսն է, որի օծմանը ներկա են եղել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու նվիրապետական ԲՈԼՈՐ չորս աթոռների առաջնորդները։ Հատկապես այդ պատճառով է, որ շատերս այժմ կփափագեինք լսել  Մեծի Տանն Կիլիկոյ կաթողկոս Արամ Առաջինի ծանրակշիռ խոսքը։

Դավադրությունը կամ աղմուկի բուն նպատակը

«Պայքարը Գարեգին Բ դեմ է, ոչ թե՝ առաքելական եկեղեցու» հայտարարությունը միտումնավոր կեղծիք է ու երեսպաշտություն։ Մարդիկ «հեղափոխություն-հեղափոխություն» են խաղում՝ հընթացս հերյուրանքներով ու վարկաբեկումներով թիրախավորելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նստավայրով Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսներին՝ Վազգեն Ա, Գարեգին Ա, Գևորգ Ե, Գարեգին Բ, Արամ Ա  

Երբ հնարավոր չեղավ բազմություն հավաքել Մայր տաճարի մոտ, խմբի անդամները սկսեցին խոսել հիմնականի մասին, որը ոչ մի կապ չունի ԼԱՎ ՀԱՅՐԱՊԵՏունենալու բաղձանքի հետ։ Նրանք սկսեցին ժամանակ առ ժամանակ, բղավոցների արանքում խոսել Հայ Առաքելական եկեղեցու յոթ խորհուրդների մասին՝ Մկրտություն, Դրոշմ, Ապաշխարություն, Հաղորդություն, Պսակ և Ամուսնություն, Ձեռադրություն, Կարգ հիվանդաց և վերջին օծում։  

Կարգալույծ Արմեն (Եղիա) Խաչատրյանը հանդես եկավ «խոր» վերլուծությամբ, ասելով, թե ձեռնադրությունը 12ից դարից սկիզբ առնող «կեղծ ավանդույթ» է, որն իբրև թե  ունի միայն Հայոց եկեղեցին, ուստի Գարեգին Երկրորդի ձեռնադրումը վավերական համարել չի կարելի։ Այս տրամաբանությամբ ուղղորդվող խմբի համաձայն ուրեմն,  Հայոց եկեղեցու ոչ մի կաթողիկոսի ձեռնադրում վավերական չէ։ Իսկ եթե կաթողիկոսի ձեռնադրումը վավերական չէ, ուրեմն վերջիններիս կողմից ձեռնադրված եպիսկոպոսներն ու ողջ հոգևոր դասը ևս վավերական չեն։

Բայց սա էլ ամենը չէ։  Կարգալույծ Ա. Խաչատրյանը գրում է. «Կաթողիկոսական ձեռնադրությունը հայկական շինծու ավանդություն է, որն ըստ էության հակառակ է առաքելական ավանդությանը։ (…) Փաստորեն, ավելանում է մի նոր նվիրապետական աստիճան՝ կաթողիկոսությունը, (…) որն իրեն առանձնացնում է մյուս եպիսկոպոսներից և ստեղծում մի բուրգ, ինչը եկեղեցական կառավարման մեջ տեղ չունի։ Բրգաձև կառավարումը, որը հատուկ է այսօրվա Հայ եկեղեցուն, գոյություն չունի աշխարհի որևէ քրիստոնեական ավանդական եկեղեցում, ուր գործում է սինոդական կառավարումը՝ համաձայն առաքելական ավանդության։  Եթե Հայ եկեղեցին տակավին հավակնում է ինքն իրեն հռչակել և կոչել «Առաքելական» և իրեն վերապահել «Առաքելական» տիտղոսը (թեև մնացյալ ավանդական եկեղեցիները նույնպես առաքելական են, առաքելահիմն և առաքելավանդ), պարտավոր է հարգել և ընդունել առաքելական ավանդությունը, որի մեջ մտնում են նաև առաքելական կանոնները և եկեղեցու կառավարման սինոդական ձևը։  Ուստի պետք է հրաժարվել բուրգից, բուրգի գագաթում գտնվողից և բրգաձև կառավարումից, ինչը կործանում է եկեղեցին»։

Ինչպես ասում են՝ ահա և այն, ինչը պահանջվում էր իմանալ։  Մարդիկ չեն են թաքցնում, որ իրենք ոչ թե իրենց բնորոշմամբ  «վատ Հայրապետին ուզում են փոխել լավով», այլ ուզում են վերացնել Հայոց կաթողիկոսությունն ընդհանրապես,  հետո էլ դավանաբանական խմբագրումներ կատարել, փոխել Հայաստնյայց Առաքելական սբ. Եկեղեցու կանոնները։ Մի կողմ դնելով իրեն աստվածաբան անվանող կարգալույծ Ա.Խաչատրյանի փաստական սխալները, ուղղակի հիշեցնենք, որ Բողոքական եկեղեցիների մեծ մասն է, որ միայն երկու խորհուրդ է ընդունում՝ Մկրտություն և Հաղորդություն։ 

Ի դեպ, Հայաստանում շատ ակտիվ աշխատող «Կյանքի խոսք»ն աղանդ է, որի ղեկավարներն ու անդամները պնդում են, որ իրենք աղաjդ չեն, այլ բողոքական եկեղեցի, փորձելով համոզել ու շփոթություն մտցել, որպեսզի մարդիկ ենթագիտակցաբար համեմատեն այն հայ ավետարանչական եկեղեցու հետ։

Իրողությունն այն է, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խմբի անդամներն իրենց դուրս են դրել Հայ եկեղեցուց։  Դա իրենց իրավունքն է, անշուշտ։ Մեր իրավունքն էլ նրանց ասելն է, որ իրենք այլևս իրավունք չունեն խոսել մեր անունից, անարգել մեր հավատը, անպարկեշտ արտահայտվել մեր եկեղեցու,  մեր եկեղեցու կանոնների,  մեր հոգևոր դասի ու առկա խնդիրների մասին։  Ըստ որում, ասել պետք է ոչ թե հոդվածների, ոչ թե կուսակցությունների հայտարարությունների, այլ պետության մակարդակով։ Ինչո՞ւ։ Քանի որ համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:  Ազգային ինքնությունը պահպանող կառույցը՝ մնալով պետությունից անջատ, պետք է պետության հովանու տակ լինի։

Իրենց համար նպատակին հասնելու համար արդարացված են բոլոր միջոցները 

Տպավորություն ունեմ, որ  նախաձեռնության մեջ ներքաշվածներն անվերջ զրպարտություններով, անհեթեթ մեղադրանքներով հոգևորականներին պախարակելով ցանկանում են Հայ առաքելական եկեղեցուն ներքաշել դատական գործընթացների մեջ ու շարունակական թամաշա սարքել ՝ հեռահար նպատակը թիրախավորելով։ Դե ասում է չէ՞ ռեկտորի պաշտոնակատար Կարենը. «Սուտը, եթե շատ լկտի է լինում և դու այն շատ ասում ես, սկսում ես արդեն ճշմարտության տակ հրամցնել»։  

Ու հենց այս մտայնությամբ էլ տարածքում են «լկտի ստերը». այն աստիճանի, որ իրենց իսկ հրապարակած տեսաշարում պարզ երևում է կաթողիկոսի մեքենան շրջապատված,  իրենք էլ շեշտում են՝ «ճանապարհները փակված են, Հայրապետը չի կարող գնալ», մինչդեռ  Գևորգ Յազըչյանն ասում է՝ «կաթողիկոսին ոչ մեկը չի պահում, ճանապարհը բաց է, նա կարող է հանգիստ գնալ»։

Պատահական չէ նաև, որ «Նոյյան տապան» լրատվականում՝ տխրահռչակ մամուլի ասուլիսում մեկ ու կես ժամ, երեք անձ,  լրագրողի անհասկանալի պահվածքի պայմաններում, Գարեգին Երկրորդի հասցեին տարաբնույթ մեղադրականներ շարադրելուց հետո, հայտարարեցին՝ «փաստեր ունենք, ապացույց չունենք»։  Զավեշտ է։ Ուղղակի զավեշտ։  Կարևորը, հնարավորինս լկտի լինի սուտը։ Այստեղից էլ՝ սուրբ Գեղարդի պատմությունը։

Պատահական չէ, որ սոցցանցերում հրապարակում են «հաղորդումներ  հանցագործության մասին», հենվելով այսինչ օրենքի, այնինչ հոդվածի, այնինչ կետի  վրա …  Չգիտեմ,  այդ հաղորդումներն ի վերջո պատկան մարմիններին հասնում են, թե՝ ոչ։ Ես իրավագետ չեմ, օրենքների ու հոդվածների համարները չգիտեմ, բայց Հայաստանի դատական մարմինները երկու հանցագործություն հաստատ քննության պիտի առնեն. Վեհափառ Հայրահետը հուլիսի 14ին Գնդեվանքում առևանգված էր, նրա տեղաշարժի իրավունքը՝ սահմանափակված։ Եվ երկրորդ՝ « ուր էլ գնաս, մենք քո ստվերն ենք դառնալու»,  «սպասիր մեզ, ֆիզիկապես գալու ենք» արտահայտությունները, կարծեմ, իրավաբանական լեզվով ասած հետապնդում ու սպառնալիք են նշանակում։

Մեզ համար անպատվաբեր է, երբ հոգևոր դասն է հայտարարում, որ իրենք պատրաստ են պաշտպանել Հայրապետին։ Հարվածում են առաջնորդին, հարվածում են ողջ եկեղեցուն ու  հոտին։ Սա այնպիսի ակներև ճշտամարություն է, որ պետք է շատ ուզենալ՝  չտեսնելու համար։

Եվս մեկ վտանգ, որ անտեսել չի կարելի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմականորեն դարեր շարունակ իր վրա է վերցրել պետության գործառույթներն ու դերակատարությունը։ ՈՒշադիր եղեք, ինչ է անում հայկական ցանկացած համայնք սփյուռքում. այո, համախմբվում է իր եկեղեցու շուրջ, հաճախ նաև քննադատելով իր հոգևոր հովվին ու դժգոհելով նրանից։ Նույնիսկ այն հայերը, ովքեր հեռու են մնում հայկական բոլոր միջոցառումներից ու դպրոցներից, գալիս են եկեղեցի։ Մարդիկ գիտեմ, ովքեր հայերեն մի բառ չհասկանալով հայկական եկեղեցու պատարագներին են մասնակցում ու այդ ձևով պահպանում իրենց ազգային ինքնությունը։ Այս հիմնասյունն է հարված ստանում հիմա։

Եթե  Հայ եկեղեցու դեմ ուղղված այս գործողությունները Հայաստանի Հանրապետության կողմից իրավական գնահատական չտանան,  այլևս Հայաստանն իբրև պետություն ոչ մի իրավունք չի ունենա ձայն բարձրացնել աշխարհով մեկ ցրված հայկական եկեղեցիներից ու հայ հոգևորականներից որևէ մեկի նկատմամբ հնարավոր ոտնձգությունը դատապարտելու համար, ավելին՝ օրինակ կարող է դառնալ այլոց համար։

Իբրև վերջաբան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներ, թույլ տվեք ասել. եկեղեցու հանդեպ սիրո ու վստահության դարերով կուտակված պաշարը պարապ մսխելու շռայլությունը սպառված է այլևս.  դանդաղելու, սխալվելու, հապաղելու, անգործության շռայլությունը սպառված է այլևս։ Հայ ժողովրդի ինքնության, հայոց պետականության դեմ մարտահրավերը նաև ձեզ է ուղղված։  Հարվածից հետո սթափվելով՝ բազմակի եռանդով գործի լծվեք։ Քայքայել ծրագրողները շատ լավ գիտեն, թե ինչ ծառայության եք կոչված։  Նրանք չեն չեզոքանալու, միայն դարան են մտնելու։

Բանաձևված է՝ սատանան կռվում է Աստծո դեմ, մարդկանց հոգիներն են ասպարեզ։ Մեր պարագայում նաև՝ Հայոց բարձրավանդակն է ասպարեզ, Հայոց ինքնությունն է ասպարեզ։

Источник: Հայոց կաթողիկոսությունը վերացնելու խնդիր է դրված

 

Поделиться: