«Հայկական մշակույթի օրերը Նովոսիբիրսկում» ծրագիրը կիրականացվի թեմի հետ համագործակցությամբ Դեկտեմբերի 23-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում Տեր Եզրաս արք․ Ներսիսյանը հյուրընկալեց Նովոսիբիրսկի նահանգապետի առաջին տեղակալ Յուրի Պետուխովին և նահանգապետի խորհրդական, հայտնի ջութակահար Միխայիլ Սիմոնյանին։
Բարեողջույնից հետո Եզրաս սրբազանը ուրախությամբ և ջերմությամբ հիշեց 2018 թվականին Նովոսիբիրսկում հայկական եկեղեցու օծման և բացման առիթով իր և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումները նահանգապետ Անդրեյ Տրավնիկովի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։ «Նովոսիբիրսկը բազմազգ մարզ է, որտեղ համերաշխ ապրում են տարբեր կրոնի ժողովուրդներ և իշխանությունները բոլոր պայմանները ստեղծում են յուրաքանչյուրի ինքնության պահպանման համար»,- իր խոսքում նշեց սրբազան հայրը։
Իր հերթին շնորհակալություն հայտնելով Եզրաս սրբազանին ջերմ ընդունելության համար՝ Յուրի Պետուխովը նշեց, որ հայերը աշխատասեր, գործունյա ու հարգված քաղաքացիներ են և իրենց օգտակար ներդումն ունեն նահանգի զարգացման գործում։ «Ի նշան ռուս և հայ ժողովուրդների բարեկամության՝ նախատեսում ենք իրագործել «Հայկական մշակույթի օրերը Նովոսիբիրսկում» ծրագիրը, որի շրջանակում կներկայացնենք Հայաստանը՝ որպես մարդկության արարման և քաղաքակրթության բնօրրան, կխոսենք հայերի՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի մասին»,- ասաց նահանգապետի առաջին տեղակալը՝ ընդգծելով, որ պատրաստակամ են ամեն ջանք գործադրել ծրագիրը հավուր պատշաճի կյանքի կոչելու համար։
Համագործակացության շրջանակում նախատեսվում է Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանի սրբազան մասունքները, մշակութային և կենցաղային հնամենի իրերը ցուցադրել Նովոսիբիրսկում։ Սա «Տապան» թանգարանի 2-րդ մեծ ցուցահանդեսն է, որ կազմակերպվում է քաղաքամայր Մոսկվայից դուրս։ Առաջին և բացառիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Պետական էրմիտաժում 2020 թվականին։
Հանդիպման ավարտին Եզրաս սրբազանը օրհնության և գնահատանքի խոսք ասաց հյուրերին՝ մաղթելով Տիրոջ օգնականությունը հույժ կարևոր նախաձեռնության մեջ։